Քաղաքականություն

ՀՔԾ-ի ամենակարևոր գործը մարտի 1-ի բացահայտումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: Հաջորդ ամենակարևոր գործառույթն ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են և այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որն ունի ՀՔԾ-ն մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում: Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետևյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջև դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը և հույս ունեմ, որ ծառայությունն կիրականացնի իր այդ գործառույթը:

Ուզում եմ նաև ի վերջո լուծել իմ և ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է.  «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝  մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը:

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին մաղթել է հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ծառայության սկզբունքային, պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ նորանշանակ պետը կիրականացնի իր առջև դրված բոլոր խնդիրները:

            Սասուն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և համոզմունք հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր: «Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջև դրված բոլոր խնդիրները»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

            Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է նաև ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած հանցագործություններին: «Տեղյակ եք, որ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ ապահովել իսկապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կարտահայտեն ժողովրդի կամքը, ընդ որում, դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ սրանից հետո միշտ: Այս առումով, կարծում եմ, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը և այս շարքում առանձնակի ուշադրություն եմ հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների վրա:

Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները, գործերն այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության և կբերեն կոնկրետ արդյունքներ: Երբ ՀՀ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքի բերումով գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ և հետո նրանք չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է և որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել՝ այդ պրոցեսում, ըստ էության կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական, իրավապահ մարմինների և  ընդհանրապես պետության նկատմամբ:

Հետևաբար, այն ինչի մասին խոսեցինք, ըստ էության, վերաբերում է Հայաստանի հեղինակությանը, առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ, վերաբերում է իրավապահ համակարգի, ՀՔԾ-ի և վերջինիս յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք այսօր, ըստ էության, խոսում ենք մեր պետականության և պետական ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին, որը չի կարող լինել առանձին անհատի կամ առանձին քաղաքական ուժի օրակարգ:

Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգ է, յուրաքանչյուր պետական ծառայողի օրակարգ է և բոլորիս այդ ծառայությունն իրականացնելիս մաղթում եմ հաջողություններ: Մենք ծառայում ենք Հայաաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ՀՀ քաղաքացիները սրանում չպետք է ունենան որևէ կասկած: Սա նշանակում է, որ մեր աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային, մեզ պետք են արդյունքներ ու այդպես անընդհատ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:         

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *