Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին. այլ տարբերակ են առաջարկում

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ անելու առաջարկին «Իմ քայլը» խմբակցությունում դեմ են: Factor.am-ին հայտնի է դարձել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Մակունցը հայտնել է իրենց դիրքորոշումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում չի հերքել, որ Մակունցի հետ քննարկում է եղել: Միաժամանակ նա չի հերքել նաև այն տեղեկությունը, որ իշխանական խմբակցությունում դեմ են: Գորգիսյանն ասաց այլ տարբերակ է առաջարկվել, բայց չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը: Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն: Եթե ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները կողմ լինեն, ապա նիստը կհրավիրվի: ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում ԼՀԿ-ի առաջարկը դեռ չեն քննարկել: Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստ հրավիրվելու դեպքում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *