Քաղաքականություն

Իշխանությունը նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը չի ուզում լսել, նախկին նախարարին կլսի՞․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստանը» հունիսի 8-ին քարոզարշավը շարունակելու է Սիսիանում, որից հետո շարժվելու են դեպի Վայոց ձորի և Արարատի մարզեր, իսկ վաղը ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Երևանից կմեկնի Կոտայքի մարզ և Վանաձոր, այս մասին ճեպազրույցում տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Երևանի իրենց քարոզարշավը տարբերվում է բոլորից, քանի որ իրենք մտնում են կոնկրետ բակեր և փորձում են հնարավորինս շատ մարդկանց հասցնել իրենց ուղերձը։

«Ինչ վերաբերում է մեր ուղերձին, երեկ վարչապետի պաշտոնակատարն ու նախկին իշխանությունները ցույց տվեցին, որ մենք մեր թեզերում ճիշտ էինք։ Իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ հայտարարություններն իրապես մտահոգիչ են։ Մեր ուղերձը ազգային համերաշխության, ներքին հաշտության, թշնամու դեմ միասնական լինելու վերաբերյալ գնալով ավելի է ամրապնդվում», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Սահմանի խնդիրները ինչպե՞ս է պատրաստվում լուծել ԼՀԿ-ն հարցին Մարուքյանը պատասխանեց, որ իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ կարողանում է արտաքին քաղաքականության մեջ բալանսավորված մոտեցումներ բերել․ «Իզուր չի, որ Եվրոպայի խորհրդի նման կառույցում մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ եմ ընտրվել»։

Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ պատերազմով թշնամուն չենք հանելու մեր երկրից, դա պետք է անել բանակցություններով, իսկ դրա փոխարեն Արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել․ «Դիվանագիտական ճակատում ԼՀԿ-ն իմ ու իմ գործընկերների մասնակցությամբ կարող է մեծ ներդրում ունենալ, այսօր էլ ունի, ուղղակի որպես խորհրդարանական հարթակի դիվանագիտական ներկայացուցիչ»։

Թշնամու զորքերը բանակցություններով երկրից հանելուց հետո, Մարուքյանի խոսքով, իրենք պատրաստվում են 540 կմ սահմանը ամրացնել նոր տեխնոլոգիաներով։ Հարկավոր չէ, որ այդքան տարածքում կանգնեն զինվորներ․ «21-րդ դարն է, այդ ամբողջ տարածքը տեսադիտվելու է հեռվից»։

Իրենց և ներկայիս իշխանության բանակցության տարբերությունն այն է լինելու, որ իրենք ունենալու են բանակցող, նշեց Մարուքյանը։  Բացի այդ, այս իշխանությունը չի ուզում լսել ոչ ոքի, նույնիսկ փորձառու, նախկին նախարարներին, բանակցողներին․ «Այս իշխանությունը նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը չի ուզում լսել, եսիմ որտեղից նախկին նախարարին կամ փոխնախարարին կլսի՞»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *