ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ներկայիս իշխանությունները նպատակ չունեն որևիցե ձևով սահմանափակել մամուլի աշխատանքը. ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման հետ կապված փոփոխությունները ոչ թե սահմանափակումներ են, այլ համակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ԱԺ շենքում օգոստոսի 2-ից լրագրողների տեղաշարժի որոշ սահմանափակումներին:
«Սահմանափակում բառն օգտագործելը, ըստ իսկ, սխալ է, որովհետև խոսքը գնում է աշխատանքի համակարգման մասին: Մենք ունենք մի այսպիսի խնդիր, որ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից, եղել են դեպքեր, որ պատգամավորները սպառնացել են, ապտակել են լրագրողներին: Եվ այդ լարվածությունը պայմանավորված է եղել նաև նրանով, որ այդ հարաբերությունները որևիցե ձևով կարգավորված չեն եղել»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը շեշտեց՝ որևիցե փոփոխություն, որը կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, չի նախատեսվում: Լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, որտեղ բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ:
«Իշխանական պատգամավորական խմբակցությունն իր վրա պարտավորություն է վերցնում լրագրողների հետ պարտադիր մշտական շփման մեջ լինել: Օրինակ՝ մեր հանձնաժողովների նախագահները պարտավորված կլինեն հանձնաժողովի ամեն նիստից հետո կամ անձամբ իջնել կամ լիազորել մեկին իջնել հատուկ նախատեսված վայր, որտեղ պարտավորված կլինեն շփվել լրագրողների հետ և համապատասխան տեղեկությունները տրամադրել»,- ընդգծեց Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ, թե հանձնաժողովների, թե լիագումար նիստերը կհեռարձակվեն, դրանց հետևելու համար ևս համապատասխան վայր կլինի: «Լրագրողները կգան պատգամավորների սենյակ, երբ պատգամավորը դրա ցանկություն կունենա և կկազմակերպի այդ այցը, կլինի ուղեկցող մարդ, որ կուղեկցի դեպի պատգամավորի սենյակ և դեպի ելք»,- ասաց ԱԺ նախագահը:
Լրագրողները պատգամավորների հետ շփվելու հնարավորություն կունենան նաև ԱԺ բակում: Նախատեսվում է նաև հատուկ վայր պատրաստել ԱԺ ներքին բակում, սրճարանի տեսքով, որտեղ պատգամավորները կարող են թե այլ անձանց ընդունել, թե լրագրողների հետ շփումներ ունենալ: Նա կրկին շեշտեց. «Սահմանափակումների մասին խոսք չի գնում, խոսքը գնում է համակարգման մասին»:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին, որ երբևէ նման բան չի եղել լրագրողների համար՝ նա ասաց, որ երբևէ նաև Հոկտեմբերի 27 չի եղել, երբևէ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ չի եղել: ԱԺ նախագահը հիշեցրեց նաև Բաղրամյան պողոտայում գնդակահարության տեսարաններ բեմադրելը: Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենը ստիպել է իրենց համակարգել այդ աշխատանքները: Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Freedom House-ը հայտարարել է, որ իր պատմության ընթացքում չի եղել նման թռիչքաձև աճ՝ խոսքի ազատության վերաբերյալ: «Ուստի կարծում եմ, որ այդ գնահատականները պետք է հուշեն, որ այսօրվա իշխանությունները որևիցե նպատակ չունեն և չեն ենթադրում որևիցե ձևով սահմանափակել մամուլի աշխատանքը»,- շեշտեց նա:
0 Մեկնաբանություն