Քաղաքականություն

«Ջանք չենք խնայելու, որ մարզը բարգավաճի»․ Լոռու ԲՀԿ-ական մարզպետ

Նորանշանակ ութ մարզպետներից միայն մեկը՝ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ իր թեկնածությունն առաջարկել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Վստահության համար Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ծառուկյանին ու անցել գործի։ Իր աշխատասենյակում առաջին անգամ տված հարցազրույցում նա հավաստիացրեց՝ վճռական է մարզի սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու հարցում։ «Ջանքեր չենք խնայելու, որպեսզի մեր մարզը բարգավաճեցնենք և ժողովրդի կյանքը բարելավենք։ Ես պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատելու: Ժամանակի խնդիր չունեմ։ Քաշվելու բան չկա՝ ինձ առաջարկեն, ես լսեմ, քննարկենք։ Մենակ պետք է մի բան, ամենակարևորը՝ հիմքում լինելու է ազնվություն, թափանցիկություն, պարզություն»,- «Ազատությանն» ասաց Հրանտ Մարգարյանը։

2014 թվականից նա ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու տարածքային կառույցը: 2016 թվականից Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն էր։ Պնդում է՝ ինքը լինելով կուսակցական, մարզպետարանն ու ենթակա կառույցները չի կուսակցականացնի, ինչպես եղել է նախկինում։ «Լուրջ ձևով պահանջ է դրված և՛ վարչապետի՝ պարոն Փաշինյանի կողմից, և՛ մեր խմբակցության ղեկավար պարոն Ծառուկյանի կողմից, որ կուսակցական հարցերով չենք զբաղվելու, խտրականություն չենք դնելու»։

Իր նշանակումից հետո սոցիալական ցանցերում քննադատություններ տարածվեցին, թե Մարգարյանը կառավարման փորձ չունի, մարզի խնդիրներին չի տիրապետում, սպասարկման ոլորտի գործարար է և այլն։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե այս պահին բիզնես չունի ու նախկինում էլ չի ունեցել:

Լոռու նորանշանակ մարզպետը մասնագիտությամբ իրավաբան է։ Ասում է՝ իր աշխատանքային կենսագրությունն սկսել է 1987 թվականին՝ ատաղձագործի աշխատանքից։ 1996-ից սկսած շուրջ 15 տարի ապրել է Ռուսաստանում: Հետո վերադաձել է հայրենիք, աշխատել փոքր ընկերություններում, եղել է իրավախորհրդատու, տնօրեն։ Ասում է՝ Ռուսաստանից վերադառնալուց հետո ցանկացել է բիզնես սկսել, բայց ներդրումների համար ոչ բարենպաստ մթնոլորտի պատճառով իր ցանկությունը չի իրականացրել: Այժմ վստահեցնում է, թե մարզում այլ ներդրողների համար վստահելի դաշտ է ստեղծելու, քանի որ «մթնոլորտ է փոխվել, իրավիճակ է փոխվել»:

Հրանտ Մարգարյանն ասում է՝ առաջին գործը պետք է լինի նոր աշխատակազմի ձևավորումը, թեև հավելում է, որ կադրային մեծ փոփոխություններ, հնարավոր է՝ չլինեն: «Ազնիվ աշխատակիցները կմնան, անազնիվները հրաժեշտ կտան: Կլինեն մարմիններ, կլինի բաժին, որը կզբաղվի դրանով ու կիմանանք՝ ազնի՞վ են, թե ոչ»- ասաց Մարգարյանը:

Նշենք, որ Կառավարության մաս կազմող մյուս կուսակցությունների Լոռու մարզային կառույցներից, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի կառույցից ասացին, թե մարզպետի նշանակման հարցում իրենց հետ չեն խորհրդակցել։

ՔՊ Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը, ով նույնպես հավակնում էր մարզպետի պաշտոնին, ասաց, թե իրենց համար անսպասելի էր այս նշանակումը, չնայած պատրաստ են աշխատել նորանշանակ մարզպետի հետ: Մեկ շաբաթ առաջ տարածքային կառույցը հայտարարություն էր տարածել, նշելով, թե «մարզպետի նշանակման հարցում կառավարության ցանկացած որոշում պատրաստ են անվերապահորեն ընդունել»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *