Քաղաքականություն

Կարևոր է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրել է իր ուղերձը բյուջեի նախագծի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ-ը կանգնած է դժվար մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։

Վարչապետի խոսքով՝ 2021-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավական ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար։

«Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար,- ասել է Վարչապետը: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։ Առաջնահերթ կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը։

Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղեցման, և, այսպիսով, խոչընդոտվում է նաև տնտեսական աճը։ Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և դրան ուղղված կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին։ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք՝ առաջինը՝ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կարևոր խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է։ «Արդյունքում՝ կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային։ Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավական քայլեր են արվել նախորդ երեք տարում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022 թվականի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերթությունների վրա։ Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում։

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Նաև այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի ՀՀ համար։ Ուստի, կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է։ Մեր նպատակն է անձի կրթությունը դարձնել կենսակերպ, սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը»,- հավելեց Փաշինյանը։

Գիտության և տեխնոլոգիական զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և, ըստ Փաշինյանի, այստեղ էլ կառավարությունն արդեն իսկ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր։ Ըստ նրա՝ իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առաջ ծառացած բոլոր հարցերը։

«Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից։ 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը։ Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար։ Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասել է վարչապետը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *