Քաղաքականություն

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Քոչարյանի գրքի 5 քմ-ն գերազանցող պաստառները (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էին պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկները, նախընտրական քարոզարշավին ու քարոզչական պաստառներին առնչվող հարցեր։

Քննարկվող հարցերում մեծամասնություն էր կազմում տարբեր կուսակցությունների ցուցակներում  գրանցված թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկները՝ գրանցումները ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։

Քննարկվում էր նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի՝ 5 քմ մակերեսով «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստան կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ առնչվող ճանաչելու մասին որոշման նախագիծը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ ՀՀ Սահմանադրական օրենքի՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող պաստառը կարող է փակցվել միայն հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդի վահանակում։  

«Նկատի ունենալով, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով գրանցված է որպես ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու, ԿԸՀ-ն գտնում է, որ նրա հեղինակած գրքի պատկերով իրենց բովանդակությամբ ասոցացվում են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նույնպես ներկա էր նիստին և նշեց, որ առարկում է ընդհանուր այս վարույթի նախաձեռնման վերաբերյալ, որովհետև իր և շատ իրավաբանների գնահատմամբ նշված է որոշակիորեն ԿԸՀ կողմից Վարչական դատարանի օրինական, ուժի մեջ մտած դատավճռի նկատմամբ վերաքննության իրացումը․ «Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և դրանով իսկ պարոն Մուկուչյանի ներկայացրած հարցը նախկինում քննության առարկա դարձվել էր և ճանաչվել էր անվավեր։ Հիմա մենք փաստացի կրկնում ենք նույնը»։

Վարդևանյանի խոսքով՝ այս դեպքը տարբերվում է այլ իրավիճակներից, որովհետև ոչ թե բարեգործական հիմնադրամ է և նույն վերտառությամբ քաղաքական կուսակցություն կամ թեկնածու, սա Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ հարցն է․ «Մի գրքի, որ երկու տարի արգելված գրականության պես երևույթ է եղել Հայաստանում, որովհետև հնարավորություն չենք ունեցել այդ գրքի պաստառը Երևան քաղաքում որևէ տեղ փակցնելու։ Նույնիսկ դիմել ենք Վարչական դատարան, երկու տարի տևել է դատավարությունը, դատարանը բավարարել է պահանջը, ցավալիորեն երկար ժամկետում, և ուզում եմ ասել, որ եթե ավելի շուտ լիներ, շուտ կփակցնեինք։ Մենք հնարավորություն ենք ունեցել այդ պաստառները փակցնել միայն 2020թ․ մարտ-ապրիլ ամիսներին»։

Այս որոշումը, եթե ընդունվի, նրա խոսքով, ուղղակի ներգործություն է ենթադրելու Ռոբերտ Քոչարյանի իրավունքներին և օրինական շահերին։ Նա նշեց կարևոր պայմաններից մեկը՝ մեղքի առկայությունը տվյալ դեպքում չկա, քանի որ երբ գրքի պաստառները փակցվել են, որևէ իրավական հստակ դիրքորոշում չի եղել, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Վարդևանյանի նշած դատական ակտով սոսկ փաստվել է վարույթի ավելի ձևական կողմին վերաբերող խնդիրները, ավելի բովանդակային գնահատական այդ ակտով՝ պաստառները ասոցացվող ճանաչելուն կամ չճանաչելուն վերաբերող սահմանված չէ։

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գրքի և «Հայաստանը կառուցելիս գրառման» 5 քմ-ն գերազանցող պաստառները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *