Քաղաքականություն

Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար․ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար։ ՀՀ վարչապետը խոսեց պայմանավորվածությունների, անելիքների ու ապագայի մասին։

«Ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի գործընթացը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք չէ վստահ լինել, որ Ադրբեջանը մինչև վերջ կպահպանի ձեռքբերված պայմանավորվածությունը․ նույնը կարելի է ասել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մասին, որի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել երկկողմ հանձնաժողով։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր մտահոգությունը, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացում Ադրբեջանը կպահպանի սահմանային լարվածությունը, ընկալելի է միջազգային գործընկերների կողմից։

ՀՀ վարչապետի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողովը ունենալու է կրկնակի մանդատ, և մինչև ապրիլի 30-ը պետք է հստակեցնենք հանձնաժողովի անհատական կազմը և ֆորմատը։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա՝ մանավանդ, որ Հայաստանը 90-ականներին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և բազմիցս նշել, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք։

«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը»,- նշեց ՀՀ վարչապետը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *