Քաղաքականություն

Խոշոր սուպերմարկետների տերերը շտապ հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում են բաց նամակով և շտապ հանդիպում են պահանջում:

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում՝ գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների:

Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի:

Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *