Factor.am-ի տեղեկություններով` Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանն Ազգային անվտանգության ծառայության կողմից խուզարկվել է, այս պահին ևս գործողություններ են իրականացվում։ Թե ինչ գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, ԱԱԾ-ից չեն պատասխանում նաև մեր հեռախոսազանգերին։ Չի բացառվում, որ գործողություններն առնչվում են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերին, որոնց մասին 4-օր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար: Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալվել էր նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
0 Մեկնաբանություն