Քաղաքականություն

Կուսակցությունների հայտարարությունը՝ Հանրայինի կազմակերպած բանավեճի կարգի մասին

Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։

 

Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը։

 

Այսպիսով ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու անձանցից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։ Կազմակերպիչները լավ իմանալով, որ բանավեճը ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա՝ որդեգրել են անարդարացի սկզբունք։ Այն բացառում է նոր կուսակցությունների, նոր ասելիքի առերեսումը և համեմատումը հին կուսակցությունների և հին ասելիքի հետ՝ փորձելով քաղաքացիներին ցույց տալ, որ իրական հակադրությունը հին կուսակցությունների միջև է, իսկ նորերն ընդամենը զանգվածային տեսարան են ապահովում «գլխավոր» դերակատարների համար։

 

Բանավեճի այս ձևաչափը խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։

 

Անհրաժեշտ է, որպեսզի վերանայվեն մասնակիցների ընտրության սկզբունքները և նախընտրական բանավեճը կազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով։ Հակառակ պարագայում՝ մենք հրաժարվելու ենք մասնակցել այդ բանավեճին։

 

«Ազատական» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Հայտարարության բովանդակությանը իր համաձայնությունն է տվել ևս մեկ կուսակցություն, որը, սակայն, ցանկացել է հանդես գալ առանձին հայտարարությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *