Քաղաքականություն

ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ ԿԱՄ ԴՐՎԱԳՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՐԿԿՈՒՍԱԿԱՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ

2016 թ. ՏԻՄ ընտրություններից առաջ Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը փնտրտուքների մեջ էր, սիրտը Վանաձորի ավագանու անդամ դառնալ էր ուզում: Հարազատ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, որի ամդամ է եղել 2007 թվականից, մաուզերի վրա երդվել, որ չի դավաճանի, իր պես հավատարիմ անդամին թողած՝ այլ կուսակցություններում էր ուժեղ թեկնածու փնտրում: Էս մեր Անդրեյն էլ հո միամիտ չի, միաժամանակ ինքն էլ այլ քաղաքական ուժերում էր բախտ որոնում: Դե քանի որ ներկայիս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանն ընկերն էր, բանակցություններ վարեց ու հաջողությամբ առաջին եռյակում հայտնվելու գործը գլուխ բերեց:

Այս ընթացքում դարավոր կուսակցությունում կասկած անգամ չէին կարող ունենալ, որ կուսակցության կանոնադրություն, կարգ, դիվան, կոմիտե կուսակիցը մի կողմ կդնի և նոր քաղաքական ուժի մեջ կմտնի:

Փաստորեն, ՀՅԴ-ից դուրս չեկած՝ Անդրեյ Ղուկասյանը մտնում է ՔՊ, ավելին, դառնում է վարչության անդամ, ակտիվորեն մասնակցում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին, նոր միայն, օգոստոսի 20-ին՝ մի զգացմունքային, «ընդդիմադիր» դիմում է հղում ՀՅԴ Վանաձորի Գուգարք կոմիտեին, որ իր անդամությունը դադարեցնեն:

Այստեղ տեղին է հարց բարձրացնել, արդյո՞ք Ղուկասյանի քաղաքական նոր մեկենաս Արամ Խաչատրյանը տեղյակ է եղել այս խաբեությանը ու ինքն էլ է թաքցրել ՔՊ ղեկավարությունից նոր անդամի երկկուսակցական կարգավիճակը…

Մեջբերենք  դիմումի բովանդակությունը բառացի. «Խնդրում եմ դադարեցնել իմ անդամությունը ՀՅԴ-ին: Կրելով իմ մեջ վառ արտահայտվոծ ընդդիմադիր հայացքներ և գաղափարներ անարդյունավետ եմ համարում նեկայիս իրավիճակը (ՀՅԴ-ն իշխանության մաս): Գտնում եմ, որ նման ձևով անհնար է ներկայիս տիրող իրավիճակում կատարել որևէ փոփոխություն: Ստորագրություն-20.08.16.»

Դիմումի բովանդակությունը և Ղուկասյանի քաղաքական կարիերան հակասական տպավորություններ է ստեղծում, մարդը 2007 թվականից անդամակցել է ՀՅԴ-ին, մինչդեռ նույն թվականին ՀՅԴ-ն արդեն 2-րդ անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, մարտի 1-ի դեպքերից հետո՝ կոալիցիան գործել է, բայց ԱՆդրեյ Ղուկասյանին կարծես չի անհանգստացրել ոչ ՀՀԿ-ի հետ կոալիցիան, ոչ էլ մարտի 1-ից հետոյի համագործակցությունը, ավելին, 2016 թվականի գարնանը ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ: Ստացվում է, որ ոչ ընդդիմադիր հայացքները, ոչ էլ գաղափարները չեն խանգարել Ղուկասյանին ՀՅԴ կազմում մնալ շուրջ 9, ՀՅԴ-ի համար քաղաքական ակտիվ կոալիցիաների տարիների ընթացքում:

Մինչ դիմումում թվագրված ամսաթիվը, դեռևս հունիսին Անդրեյ Ղուկասյանը համալրել է ՔՊ Վանաձորի կառույցի կազմը և եթե ՀՅԴ-ի ու ՔՊ-ի իմացությամբ՝ ապա երկուստեք ազնիվ չեն եղել՝ գոնե միմյանց նկատմամբ, իսկ եթե գաղտնի՝ ուրեմն Ղուկասյանը ազնիվ չի եղել նոր քաղաքական ընտանիքի՝ ՔՊ-ի և նրա ղեկավար կազմի հանդեպ:

Image alt
Անդրեյ Ղուկասյանի դիմումը ՀՅԴ անդամությունը դադարեցնելու վերաբերյալ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *