Քաղաքականություն

Լարված իրավիճակ դատարանում. դատարանը որոշեց «ծռերի» գործը քննել դռնփակ. նիստին ներկա կգտնվեն միայն լրատվամիջոցները

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում հարցաքննվում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանը:

Նրա հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Երբ պաշտպանական կողմը հարց էր հնչեցնում Վարդան Եղիազարյանին, խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան ասաց, որը կրկին լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, թե քանի որ Սմբատ Բարսեղյանին արդեն մեկ անգամ նկատողություն էր հայտարարել, ուստի, այժմ որոշում է կայացնում նրան հեռացնել նիստերի դահլիճից: Դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել Սմբատ Բարսեղյանին: Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ դատարանը բազմիցս նախազգուշացրել էր, հորդորել դահլիճում ներկա գտնվողներին՝ չխանգարել նիստի ընթացքը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դահլիճում ներկա գտնվող անձինք շարունակաբար խախտում են նիստի կարգը, նրանց դրսեւորած վարքագծով չի ապահովում հասարակական կարգը, ինչպես որ պահանջվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, դատարանը որոշում է կայացնում այս պահից սկսած գործի քննությունն անցկացնել դռնփակ, բացառությամբ լրատվամիջոցների»-- ասաց Մակյանը եւ ընդմիջում հայտարարեց դահլիճում ներա գտնվողներին նիստերի դահլիճից հանելու պատճառով:

Այս պահին դատարանում լարված իրավիճակ է, դահլիճում ներկա գտնվողները չեն հեռանում նիստերի դահլիճից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *