Քաղաքականություն

ԼՀԿ-ն առաջարկում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուին ընտրել մրցութային կարգով

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին: Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց  խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Գործող օրենքով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները նշանակվում են բացառապես համայնքի ղեկավարի սուբյեկտիվ որոշման արդյունքում, ղեկավարը որոշում է թեկնածուին, ներկայացնում ավագանու հաստատմանը: Կա նաև մեկ աբսուրդային կետ, որով երկու անգամ մերժում ստանալու դեքում համայնքի ղեկավարը իրավասություն ունի միանձնյա որոշումով նշանակել: Սա խոչընդոտում է մարդկանց հավասար հնարավորություններն այդ պաշտոնում աշխատելու համար, երբեմն շահադիտական մեխանիզմներով լինում են ոչ նպատակահարմար նշանակումներ: Այս օրենքի փոփոխությամբ ուզում ենք լուծել այդ խնդիրը, բարձրացնել ավագանու դերը և ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ ներգրավել »,- ներկայացրեց Եղիազարյանը:

Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին:

Եղիազարյանը նախագծի առաջինից երկրորդ ընթերցմանն առաջարկելու է մրցույթի անցկացման կարգը հստակ սահմանել օրենքով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *