ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կարծում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում դատախազությունը և մեղադրյալ կողմը գտնվում են հավասար պայմաններում, գործում քաղաքական հետապնդման տարրեր չեն տեսնում: Խմբակցության ներկայացուցիչները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցում:
«Տեղի է ունենում մրցակցային դատավարություն, այսինքն՝ կողմերն իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները: Եվ դատախազությունը և մեղադրյալ կողմը գտնվում են հավասար պայմաններում: Հետևաբար` ընթանում է սովորական դատավարական գործընթաց, և իմ կարծիքով՝ այն այլ դատավարություններից չպետք է ոչնչով տարբերվի, պետք է պահպանվեն նույն գործընթացները»,-ասաց պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ պետք չէ մոռանալ, որ դա դատավարական գործընթաց է, և բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն` կապ չունի գործը վերաբերում է երկրորդ նախագահին, թե սովորական քաղաքացու: «Բոլոր քաղաքացիները պետք է նույն ընթացակարգերով գնան, ունենան նույն դատավարության հնարավորությունը, ինչը և ունի այս պահին մեղադրյալ կողմը»,-նշեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ գործում տեսնում է քաղաքական հետապնդման տարրեր, նշեց, որ ոչ, չի տեսնում նման տարրեր: «Այդ գործընթացը մեզ համար զուտ իրավական գործընթաց է: Ռոբերտ Քոչարյանի գործի մասով իրականացվում է դատավարական գործընթաց, և մենք հետևում ենք այդ գործընթացներին: Ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են, այսինքն՝ սա զուտ դատավարական գործընթաց է: Եվ մեզ համար այս գործընթացն առաջնային նշանակություն չունի, գործը հանձնված է արդարադատությանը»,-նշեց Սամսոնյանը:
0 Մեկնաբանություն