Քաղաքականություն

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԴՐԵՐԻՑ

Լոռու մարզում բոլորը գիտեն, որ ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանի և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ջրերը մի առվով չեն հոսում: Ղուկասյանն էլ ամեն բան անում է, որպեսզի Խաչատրյանի բերած հեղափոխական կադրերից ազատվի ու իր մարդկանց նշանակի: Նա նույնիսկ Խաչատրյանի ընդունած վարորդին՝ Հայկ Հակոբյանին է ազատել աշխատանքից՝ առանց որոշակի պատճառաբանության, ով ևս դժգոհ է, որովհետև հեղափոխության առաջին իսկ օրվանից քայլել է, իսկ այսօր՝ դարձյալ հայտնվել գործազուրկի կարգավիճակում:

Որ մարզպետարանում անառողջ մթնոլորտ է՝ բոլորը գիտեն, որ մթնոլորտը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ դրա մասին էլ բոլորը գիտեն. Սկզբում՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՔՊ եռյակը չէր հաշտվում, բայց հեղափոխության կանոնով՝ ՀՀԿ-ն զիջեց: Այնուհետև՝ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանն ու այն ժամանակ դեռ փոխմարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը չէին հաշտվում, նույնիսկ հայհոյախառն վեճեր են ունեցել հենց մարզպետարանում, քանզի Ղուկասյանը չէր հանդուրժում ԲՀԿ-ական մարզպետին ու չէր ուզում կատարել նրա հանձնարարականները: Հետագայում, երբ վարչապետ Փաշինյանը ԲՀԿ կադրերին հեռացրեց պաշտոններից՝ Լոռու մարզպետ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը: Թվում էր, թե ամեն հարց կկարգավորվի Լոռու մարզպետարանում, բայց այստեղ էլ ներկուսակցական, ներիշխանական խնդիրներ ի հայտ եկան: Լոռու մարզպետը սկսեց չհանդուրժել պայքարի ընկերոջը՝ Արամ Խաչատրյանին և նրա միջոցով աշխատանքի ընդունված կադրերին, որոնցից սկսեց հերթով ազատվել:

Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա նշանակավել էր 2018 թ. հոկտեմբերի 16-ին: Հովսեփյանին ևս այս պաշտոնում երաշախավորել էր Խաչատրյանը: Մի կողմ թողնելով Հովսեփյանի չափազանց բարձր ինքնագնահատականը՝ մեջբերեմ նրա ֆեյսբուքյան գրառումը.

«Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որ ակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...»

Ն.Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *