Ֆեյսբուքյան օգտատեր, Լոռու մարզի բնակիչ Սմբատ Խանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Լոռու մարզպետի և մարզպետի տեղակալի ամուսնու կողմից հետապնդման է ենթարկվում: Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է.
«Երեկ՝ մայիսի 28-ին Լոռու մարզպետարանի ֆբ-յան էջում մարզպետի նորանշանակ տեղակալի՝ Գայանե Մարկոսյանի նշանակման գրառման տակ հարց գրեցի, թե ինչո՞ւ է տվյալ անձի կենսագրությունից հանվել Վանաձորի բժշկական(քույրական) ուսումնարանում սովորելու փաստը և իմ գնահատողական մեկնաբանությունը թողեցի, գրելով «Լոռու փրկիչ»))), այն առումով, որ այո՛, տվյալ անձը չունենալով կառավարչական փորձ և ունակություններ, աչքի չի ընկել որևէ քաղաքացիական ակտիվ գործունեությամբ, իմ ընկալմամբ՝ չի կարող Լոռու մարզը ոտքի հանել կամ «փրկել»։ Իմ մեկնաբանությունից շուրջ 17 ժամ անց, ոմն Օլեգ Մարկոսյան հրապարակային ինձ վիրավորելով, հեռախոսահամարս է պահանջում, ապա Լոռու մարզպետարանի ֆբ-յան էջից ջնջվում են իմ երկու գրառումները։ Օլեգ Մարկոսյանը անձնական նամակով է կրկնում այդ ամենը։
Իմ բազմաթիվ պնդումներին, որ ներկայանա, թե ո՞վ է ինքը, ի՞նչ կապ ունի Գայանե Մարկոսյանի հետ՝ վերոնշյալ Օլեգը չներկայացավ, շարունակելով վիրավորել և տղայական «բազառի» կանչել ինձ (Իմ և Օլեգի անձնական խոսակցության մնացած մասը կարող եմ տրամադրել համապատասխան մարմիններին)։ Ըստ election.am կայքի՝ Օլեգ Մարկոսյանը բնակվում է Վանաձորում, տվյալ հասցեում է գրանցված նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, հետևաբար նրանք ամուսիններ են, դա է ապացուցում նաև Օլեգ Մարկոսյանի էջում տեղադրված լուսանկարը, որն արվել է մարզպետի տեղակալի ընտանիքին պատկանող հյուրատանը։ Սա ես համարում եմ կանխամտածված հետապնդում իմ ընտանիքի հանդեպ և մեր ազատ խոսքի սահմանափակման դրսևորում, քանի որ օրեր առաջ էլ մարզպետն է դատի տվել կնոջս, իբրև վիրավորանք հասցնելու համար։ Սուտ է, այս ամեն ընդամենը մեր քննադատական խոսքը և բողոքի ձայնը լռեցնելու համար է արվում, տեսնելով, որ մեր դեմ ուղղված դատական հայցից չվախեցանք և չլռեցինք՝ հիմա էլ անցել են «ռազբոռկայով» մեզ լռեցնելու տարբերակին։ Կոչս ուղղում եմ իրավապահ մարմիններին, եթե իմ կամ իմ ընտանիքի հետ որևէ բան պատահեց՝ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Լոռու մարզպետի և նրա տեղակալի վրա»։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Գայանե Մարկոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ:
0 Մեկնաբանություն