ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դարձյալ համաձայն չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին: Սահմանադրությունը հստակ որոշում է, թե ովքեր են խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը ողջունելի է, բայց այն կարծես դեռ կաղում է»,- ասաց Սամսոնյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ուշադրություն սևեռել հատկապես Մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության չմիավորելու հանգամանքի վրա:
«Մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ կառույցի, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից»,- նշեց Կոստանյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ երկիրը պետք է ունենա գյուղատնտեսության նախարարություն, որը ՀՆԱ-ի 16 տոկոսն է գեներացնում: Իսկ ԱԱԾ-ն պետք է դառն նախարարություն, չպետք է ունենա քննչական մարմին և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո:
0 Մեկնաբանություն