ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ըստ հերթագրման կարգի, ելույթ էր ունենում Կենտրոնական բանկի նախագահի տարեկան զեկույցի առնչությամբ, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դահլիճում չէ: Նա դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին. «Ո՞ւր է Կենտրոնական բանկի նախագահը, որի զեկույցի վերաբերյալ ելույթ է ունեցել պարոն Բագրատյանը, եւ դեռ ելույթ են ունենալու պատգամավորները: Սա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի հանդեպ: Դուք պետք է ապահովեք նրա՝ այստեղ ներկայությունը: Նրա բացակայությունն արհամարհանք է»: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ նման խիստ գնահատական պետք է տալ: Համաձայն եմ՝ ճիշտ կլիներ, որ նա ներկա լիներ այս պահին, բայց եկեք չծայրահեղացնենք: Համացանցով էլ կարելի է պատգամավորների ելույթները նայել եւ արձագանքել»: Մարուքյանը չհամաձայնեց եւ սկսեց տեղից խոսել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նետեց. «Ի՜նչ, ի՞նչ է կատարվում, որ…ընդունեցի ձեր ասածը»:
0 Մեկնաբանություն