Այն, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատի է տվել լրագրող Կարինե Վանեսյանին, վերջինս այդ մասին տեղեկացել է դատարանի ծանուցագրից, ապա՝ «Դատալեքս» կայքից.
«Վիրավորանք հասցնելու համար նույն եղանակով Կարինե Վանեսյանին հրապարակայնորեն հայցվորից ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին», մեջբերումը՝ կայքից:
Կարինե Վանեսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.. «Տարիներ շարունակ ազատ խոսքի կրողն ու տարածողն եմ եղել։ Ոչ-ոք և ոչինչ չի կարող լռեցնել, վախեցնել և ձայնազուրկ դարձնել ինձ՝ թեկուզ դատի տալով։ Ձեր մանրահոգի վրեժխնդրությունը հասկանալի է։
Հ.Գ. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի
բազմաշարք խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ ազատ կարծիքի ու խոսքի համար դատի է տալիս մարդկանց»։
Մեզ հետ զրույցում լրագրողն ասաց, որ որևէ գրառման մեջ անձնական վիրավորանք չի հասցրել մարզպետին, ընդամենը քննադատել է վերջինիս գործունեությունը, տարածել և անդրադարձել է տարբեր լրատվամիջոցների կողմից տպագրված նյութերին, որոնք մարզի ղեկավարի վատ աշխատանքի մասին են եղել, գրառումներ է արել մարզպետի գործունեության վերաբերյալ՝ արտահայտելով իր սեփական կարծիքը: Ըստ ծանուցագրի և Դատալեքսի՝ մասնավորեցված չէ, թե լրագրողի կոնկրետ ո՞ր հրապարակման մասին է հայցը:
Վարույթ ընդունելու մասին դատավոր Ա. Մկրտչյանի որոշումը.-Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0648/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17 մայիսի 2019թ. ք. Ալավերդի
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Անդրեյ Սերժիկի Ղուկասյանի ընդդեմ Կարինե Սամվելի Վանեսյանի` վիրավորանք հասցնելու համար նույն եղանակով Կարինե Վանեսյանին հրապարակայնորեն հայցվորից ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումին.
ՊԱՐԶԵՑ
Հայցվոր Անդրեյ Սերժիկի Ղուկասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով,
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ. «Լոռի» հեռուստաընկերությունը հետամուտ կլինի այս գործի ընթացքին և կլուսաբանի դատական նիստերը;
0 Մեկնաբանություն