Քաղաքականություն

Մարզպետն իր տեղում չէ, եթե տեղյակ չէ՝ ինչ է կատարվում մարզում. Արմեն Եղիազարյանը՝ Անդրեյ Ղուկասյանի մասին

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին երկու մեքենա է ծառայում, որ նա ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երեւան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Մարզպետը, արդեն իսկ արձագանքելով այդ հրապարակումներին, նշել է, որ դրանք կեղծիք, ապատեղեկատվություն և հերյուրանք պարունակող են։ Դրանից առաջ էլ տարատեսակ քննարկումների առիթ դարձան մարզպետարանի պարգևավճարներն ու մարզպետ Ղուկասյանի ինքնապարգևատրումը, հետո՝ Լոռու հանրակրթական դպրոցների տնօրեններին ճնշելու մասին ահազանգերը, ըստ որոնց՝ վերջիններս մեղադրում են աշակերտներին «Քաղաքացու օր»-վա միջոցառումներին մասնակից չդարձնելու համար: Լոռու մարզպետը, դեպքին անդրադառնալով, նշել էր, որ ինքը տեղյակ չէ, թե տնօրենների վրա ճնշումներ են կիրառում:

Politik.am-ը մարզը ներկայացնող, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի կարծիքն է հարցրել վերջին ամիսներին Լոռու մարզպետարանի, և, մասնավորապես, մարզպետի աշխատանքների վերաբերյալ:

«Ես բազմիցս անդրադարձել եմ մարզպետարանի աշխատանքներին՝ սկսած պարգևատրումներից, երբ ասացի, որ դրանք պետք է լինեն  կատարած աշխատանքներում հավելյալ արդյունքի հասնելու դեպքում: Մենք մարզում ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, և այդ համատեքստում նման պարգևավճարներն անընդունելի էին: Վերջերս մենք բարձրաձայնեցինք դպրոցի տնօրենների հանդեպ ճնշումների մասին: Այդ մասին իմ ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ տեղյակ չէ այդ դեպքերից: Մինչդեռ անտեղյակությունը ևս սեփական գործառույթներին չտիրապետել է նշանակում, և ուրեմն՝ նա իր տեղում չի աշխատում: Այսինքն՝ չիմանալն իրեն չի ազատում պատասխնատվությունից: Նման մեկնաբանությունն անընդունելի է:  Մարզպետարանի աշխատանքներում լուրջ խնդիրներ կան»,-նշում է Եղիազարյանը: 

Պատգամավորի խոսքով՝ Լոռվա մարզպետարանն այս պահին (մյուսները՝ նույնպես) նախկին ռեժիմի պես համայնքապետարանների վրա ճնշումներ է գործադրում, և մարզպետարանը ավել լծակ է իշխանության ձեռքին, որով կառավարում և իրենց են ենթարկում տեղական ինքնակառավարման  մարմիններին.«Ես տեղեկատվություն ունեմ, որ ընդհուպ մինչև Վանաձորում Համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի նշանակման համար միջնորդում է Լոռու մարզպետը՝ հորդորելով, որ իր թեկնածուին նշանակեն, որը ուղղակիորեն միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, ինչի մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ: Չի կարելի թույլատրել, որ մարզպետարանները մահակի դեր կատարեն տեղական ինքնակառավարման մարմինների վրա»:

Մեր հարցին, թե արդյո՞ք մարզպետների նման աշխատելաոճը ստվեր չի գցում նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած գործողությունների ընթացքում հռչակված հեղափոխական գաղափարների վրա, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամն ասում է.

«Իհարկե գցում է, որովհետև շատ մարզպետներ նախկինում չեն ունեցել կառավարման փորձ, և ստանալով որոշակի լծակներ, իշխանություն՝ մարդը կարող է այլ որակներ դրսևորել: Ես գտնում եմ, որ ժամանակի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինայնը կառավարությանը ենթակա անդամների ֆիլտրման՝ զտման գործընթաց կկատարի՝ ուսումնասիրելով տարբեր մակարդակներից եկող ազդակները աշխատակիցների հմտությունների ու աշխատանքների մասին: Փոփոխությունների արդյունքում ճիշտ մարդիկ կսկսեն ճիշտ տեղում աշխատել»: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *