Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք աջակցել ներկա իշխանություններին. Գուրգեն Արսենյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։ Հանդիպմանը քննարկել էին 2021 թվականին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գերիների վերադարձի ու տնտեսության զարգացմանը վերաբերող թեմաներ։ Դատելով վարչապետի հանդիպումներից՝ չի բացառվում, որ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցի դաշինքով։ ArmDaily.am-ը կայացած հանդիպման վերաբերյալ զրույցել է արել Գ.Արսենյանի հետ։

-Փաշինյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկ ստանալու դեպքում կմիանա՞ք վարչապետին, թե ոչ։

-Քաղաքական գործիչը նմանատիպ հարցի վերաբերյալ երբեք նախօրոք էդպիսի բան չի ասի, որովհետև քաղաքական գործիչի կողմից նմանատիպ հայտարարությունը կամ նմանատիպ պնդումը էականորեն սահմանափակում է քաղաքական մանյովրի հնարավորությունները ցանկացած քաղաքական իրավիճակի ժամանակ։ Այդ հարցը կարելի է տալ միայն այն դեպքում, եթե մնացել է երեք օր օրինակի համար գրանցվելուն։ Դուք կարող եք ինձ հարցնել, թե պարտաստվում ենք արդյոք մասնակցել օրինակ հերթական՝ 2025-ին կայանալիք ընտրություններին, թե ոչ։ Իսկ 2025 թվականին կայանալիք հերթական ընտրություններին մասնակցելու մտադրության վերաբերյալ որոշումները կայացվում են՝ ելնելով քաղաքական իրավիճակից, որը որ կա ընտրություններին նախորդող մի քանի ամիսներ առաջ։ Եթե դու ունես հասուն, արդյունավետ և արդարացի իշխանություն՝ շատ ավելի հետաքրքիր է ապրել սեփական կյանքով, զբաղվել սեփական հետաքրքրություններով։ Քաղաքական միավորի կամ գործչի ակտիվությունը կախված է երկրի վիճակից ու իշխանությունների արդյունավետությունից։

-Ներկա իշխանությունների գործունեությունը արդյունավետ համարո՞ւմ եք, թե՞ ոչ։

-Ներկա իշխանությունները Հայաստանի օրինական իշխանությունն են՝ սկսենք դրանից։

-Ես արդյունավետության մասին եմ հարցնում։

-Բազմիցս իմ ելույթներում նշել եմ, որ իրենք Հայաստանի օրինական իշխանությունն են՝ ցածր արդյունավետությամբ։ Ցածր ադրյունավետության հաշվելու համար մենք վիճակագրական բազա ունենք, որի վրա վերլուծությունը մեզ թույլ է տալիս արձանագրել, որ այդ արդյունավետությունը ցածր է ու պետք է ամեն ինչ անել, այդ թվում նաև աջակցել օրինական իշխանություններին, որպեսզի արդյունավետությունը բարձրանա։ Որովհետև իշխանության արդյունավետության 10 տոկոս բարձրացումը հասարակության կենսագործունեության վրա դրական է ազդում 50 տոկոսով։ Եթե մենք կարողանանք օգնել, որ իշխանության արդյունավետությունը և գործունեության մուլտիպլիկատիվ դրական էֆեկտը դառնա ավելի շատ, մենք դրանով օգնում ենք միայն մեզ, մեր հասարակությանը։ -Հետևաբար, եթե վարչապետի կողմից առաջարկ լինի համագործակցության՝ Դուք կընդունե՞ք առաջարկը։

-Բազմաթիվ ոլորրտներ, խնդիրներ կան, որի վերաբերյալ տեղի են ունենում կոնսուլտացիաներ և լսվում է մեր կարծիքը։ Մենք չենք փախնում մեր մաս պատասխանատվությունից՝ պարզապես չենք վերցնում մեր փայ իրավունքը, մեզ պետք չի այդ իրավունքը։ Այսօրվա եղած պրոբլեմների հետ կապված քննարկումներին, լուծումներին մենք մասնակցում ենք, առաջարկներ անում ենք, մենք մեր հնարավորությունները չենք թաքցնում ու չենք էլ խնայում,որովհետև խոսքը վերաբերում է մեր երկրին։

-Իսկ խորհրդատվական մակարդակից գործառնական մակարդակ անցնելո՞ւ եք։ Վարչապետի կողմից, եթե նման առաջարկ արվի Ձեր կուսակցությանը՝ կընդունե՞ք։ -Այս պահին գտնվում է խորհրդատվական մակարդակի վրա, որովհետև գործառնական մակարդակի անցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև եթե լավ բան անի ինչ-որ մեկը՝ պարտադիր չի, որ այդ լավ բանը անի մեզնից ինչ-որ մեկը, կարևորը՝ անի։ Քաղաքական տարբեր միավորները համատեղ գործունեություն ծավալելու պարագայում պետք է հստակ ճշգրտած լինեն իրենց փոխադարձ նպատակները, դրանք մինիմում իրար չպետք է հակասեն։

-Դուք ճշգրտե՞լ եք այդ փոխադարձ նպատակները միմյանց հետ։

-Մասնակի։

-Հաշվի առնելով Ձեր՝ իշխանություններին աջակցելու պատրաստակամությունը, մասնակիորեն փոխադարձ նպատակների ճշգրտված լինելը, հստակ պատասխանեք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դաշինքի մեջ մտնելու առաջարկը կքննարկե՞ք։

-Եթե հնչի նմանատիպ թեզ, ապա Միավորված աշխատանքային կուսակցությունը լրջորեն կքննարկի այդ առաջարկությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *