Չնայած Ադրբեջանի՝ 1 տարուց ավել փորձերին՝ ներկայացնելու, թե, ԼՂ հիմնախնդիրն այլևս գոյություն չունի, աշխարհը դրա հետ բոլորովին համաձայն չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին:
Խանդանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու ԼՂ հիմնախնդրով՝ նշելով, որ համանախագահները չպետք է զբաղվեն հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, իրենք են լուծել: Պատգամավորը հետաքրքրվեց ՀՀ ԱԳՆ-ի պատասխանով:
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչն, իհարկե, խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և ըստ այդմ բոլորի համար ընդունելի, լավ, նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը: Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ 1 տարուց ավել շարունակ մատուցվող դիրքորոշմանը, փորձերին՝ ներկայացնելու, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս 1 տարում տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ»,-ասել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ հերթական ապացույցը կարելի է գտնել անցյալ տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա ԼՂ հիմնախնդիր և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով: «Սա միակ ձևաչափն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- եզրափակել է նախարարը:
0 Մեկնաբանություն