Քաղաքականություն

Միհրան Պողոսյանը դուրս մնաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակից (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկում էր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ վերջին 4 տարիներում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող համարվելու և ընտրական ցուցակում գրանցումն անվավեր ճանաչելու հարցը։

Միհրան Պողոսյանը դիմում տալու նախորդող 1461 օրերից 753 օր բացակայել էր ՀՀ-ից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը՝ առնվազն 731 օր, գերազանցվել էր 22 օրով։ ՀՀ Անձնագրային և վիզաների վարչությունը Միհրան Պողոսյանի լիազորված անձի առաջին դիմումին ի պատասխան մերժել էր նրան տեղեկանք տրամադրել։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ երկրորդ դիմումին կից լիազորված անձը ներկայացրել էր տեղեկանք Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, ըստ որի՝ 2020թ․ հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանը նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների էր ընդգրկվել։ Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից տեղեկանքը տրամադրելու փաստը։

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը  ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հունիսի 2-ին ԱՎ է ստացվել հարցման պատասխանը, ըստ որի՝ Միհրան Պողոսյանը հաշվառված չէ որպես տվյալ համալսարանի ուսանող։

ԱՎ պետ Մկրտչյանի գրությամբ փաստվել է, որ Միհրան Պողոսյանը չի հանդիստանում վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և չունի ընտրվելու իրավունք։ Նույն եզրահանգմանն է հանգում նաև ԿԸՀ-ն։

ԿԸՀ-ն 5 կողմ 2 դեմ ձայնով ընդունեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման նախագիծը։ Միհրան Պողոսյանը դուրս մնաց ընտրական ցուցակից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *