Քաղաքականություն

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:

«Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը», - ասել է Սարգսյանը: 
 Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը (նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից), վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊԸ օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: 
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

 ՀՀ նախագահի ապրիլի 1-ի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *