Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու՞ հրաժարվեցին արտահերթ ընտրությունից (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իշխող ուժը հետ կանգնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից․

«Ինչ-որ առանձին քաղաքական ուժեր, որոնք անհամաձայն գտնվեցին արտահերթ ընտրության գնալու, ազդել են Ձեր, Ձեր քաղաքական ուժի տրամադրությունների վրա, Դուք էլ չգիտեմ՝ ինչ ուսումնասիրությունների հիման վրա կայացրել եք որոշում, որ այս պահին նպատակահարմար չեն այդ ընտրությունները։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ մարգինալ քաղաքական խմբեր, այդ թվում նաև այսօր ԱԺ-ում էր հայտնվել ահաբեկչական անցյալ ունեցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը ու այստեղ պատգամավորների զրահաբաճկոններն էր ստուգում, իշխանությունն իր անկարողությունն է ցուցաբերում, շրջանակները, որոնք ուժով իշխանությունը տապալելու կոչեր են անում, որևէ կերպ նրանց պատասխանատվության կանչելու մեխանիզմներ չեն գործադրում, դատարաններն էլ շարունակում են պետության դեմ որոշում կայացնել»։

Արման Բաբաջանյանի դիտարկումներին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

  «Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություն չեն կրել։ Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ի սկզբանե ասել ենք, որ այդ օրակարգի իրագործման համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը։ Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը, մենք ասել ենք, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ շարունակում ենք նույնկերպ առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»։

Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասել են՝ «Իմ քայլը» խմբակցության հետ կհավաքվեն, կվերլուծեն ստեղծված իրավիճակը, կկայացնեն որոշում, այդպես էլ արել են․

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա, որ մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես, պայամանականորեն ասած՝ հանգուցալուծում։ Բայց մի շարք ուժեր, խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել որպես էսկալյացիա և ապակայունացնող գործոն։ Նաև հարցեր էին հնչում, քննարկվում էր դա, որ կառավարությունը չի վստահում «Իմ քայլը» խմբակցությանը։ Ամենատարբեր շահարկումներ էին տեղի ունենում։ Մենք արձանագրեցինք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն և մենք շարունակում ենք հրապարակված ճանապարհային քարտեզի իրագործումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝  ճանապարհային քարտեզը իրագործելուց հետո կկրկին կվերլուծեն իրավիճակը և կկայացնեն որոշում։

Բաբաջանյանը համոզմունք հայտնեց, որ արտահերթ ընտրություններն այսօր առաջ գնալու միակ ճանապարհն են և պետք է հանրության համար հստակեցվի՝ երբ են լինելու այդ ընտրությունները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *