Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քանի որ երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղափոխություն, այդ պատճառով էլ ՍԴ դատավորի թեկնածուն Վահե Գրիգորյանն է։ Նախագահ Արմեն Սարգսյանը կատարում է քաղաքական պատվեր՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին։

Տիկին Փոստանջյանը վստահ է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը ցանկալի է իշխող ուժի համար։ «Ակնհայտ է, որ այստեղ կա պատվեր։ Մեր երկրում նորից գործում են ստվերային պայմանավորվածություններ եւ ստվերում գործող անձինք են որոշում այս կամ այն պաշտոններում թեկնածուներ առաջադրելու գործը»։

Անդրադառնալով անցումային արդարադատությանն ու վեթինգի գործընթացին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի` դատարանները շրջափակելու կոչը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից դժգոհ լինելն էր։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Համակարգային փոփոխության որեւէ քայլ այս կառավարությունը չի ձեռնարկել։ «Նիկոլ Փաշինյանն ամփոփելով իր կառավարման հարյուր օրը, հայտարարեց, որ Մարտի մեկի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Ես մտածեցի, որ միգուցե այդպես է։ Բայց պարզվում է, որ մի դրվագ են վերցրել, եւ այդ դրվագով լուծում է իր անձնական խնդիրը։ Եթե մենք ուզում ենք արդարադատություն, ապա այսօրվա կառավարությունը ունի լիարժեք , բազմապիսի գործիքներ, որպեսզի քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն»,-ասաց կուսակցության նախագահը։ Տիկին Փոստանջյանը եւս մեկ անգամ նշեց, որ «Իմ քայլը» Բաղրամյան 26-ի պրոյեկտ է։

«Որպեսզի տեղի ունենա անցումային արդարադատություն, պետք է փոխվի Սահմանադրությունը,իսկ դրա համար ժամանակ է պետք։ Եւ հետո` որտեղից որտեղ պետք է անցումը կատարվի։ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008թվականից։ Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից։ Իսկ նա դատավորներից է սկսում։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր նկատմամբ կիրառել վեթինգ, որ նա օգտագործում է Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը, իրենք ունեն գործարք Սերժ Սարգսյանի հետ, բայց դատավորների համար իրենք ցանկանում են վեթինգ։ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսեր բանակում զինվորների սպանություններից»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *