Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Աժ արտահերթ ընտրություններն անցկացվում են ԱԺ-ն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Աժ-ն արձակվում է իրավունքի ուժով: Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում:

Հիշեցնենք՝ Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *