Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։
Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով։
Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։
Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է։
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
Աղբյուր՝ Ilur.am
0 Մեկնաբանություն