«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: Արմենպրեսին այս մասին ասել է ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:
«Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է Թորոսյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ տեղեկությունը հերքել է նաև «Հայրենիք»-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին oek.press@gmail.com էլեկտրոնային փոստից հայտարարություն է տարածվել, որում ասված է․
Ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:
Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։
Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։
Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին։
Օրինաց Երկիր կուսակցության
ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի
նախագահ Արթուր Բաղդասարյան
0 Մեկնաբանություն