Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած ԼՂ-ի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Ավելի վաղ ТАСС գործակալության փոխանցմամբ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպմանն իսկապես քննարկելու են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Ասուլիսին լրագրողները հարց են բարձրացրել՝ կապված հայաստանյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկության վերաբերյալ, թե 2 երկրների ղեկավարները հանդիպմանը կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունները։
Այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում՝ ասել է Պեսկովը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո սա Փաշինյանի 1-ին օտարերկրյա այցն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
0 Մեկնաբանություն