ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առկա հարցերը: Այս մասին ասել է Մարուքյանը՝ խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում:
«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել հանդիպել, քննարկել այն ամենը, ինչի մասին խոսվել է: Ես համաձայնել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ասել է Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ հուշագիր ստորագրելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է հուշագիր ստորագրել առանց նախապայմանների:
Փետրվարի 24-ին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել:
0 Մեկնաբանություն