Քաղաքականություն

«Փաշինյանը միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը՝ բացարձակ անգետ». Լևոն Տեր-Պետրոսյան

«Փաշինյանը միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը՝ բացարձակ անգետ». Լևոն Տեր-Պետրոսյան. ILur.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ILur.am-ում հրապարակված «Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը բացարձակ անգետ» իր հոդվածում։

Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղ այցելելով Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և նշել, որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են․ - «Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»:

Հակադարձելով Փաշինյանին՝ օրեր առաջ Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած Վիգեն Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարչապետի հայտարարությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ «միշտ Ադրբեջանն է հայտարարել, թե Հայաստանը հակամարտության կողմ է, այնինչ՝ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»:

Արձագանքելով «Հանրապետական» կուսակցության առաջին դեմքերից մեկը հանդիսացող Վիգեն Սարգսյանին՝ Հայաստանի առաջին նախագահը նշում է. - «Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել դեռ ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում, ու հաջորդ տարի՝ Պրահյան պարզաբանման մեջ»:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ադրբեջանը մշտապես պնդել է, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր, ինչը, առաջին նախագահի կարծիքով, «հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է»:

«Եթե Հայաստանի պաշտպանության նախարարը չի հասկացել այս տարրական իրողությունների տարբերությունը, ապա հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից», ամփոփել է առաջին նախագահը:

Ֆեյսբուքյան էջում առաջին նախագահին պատասխանել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, պնդելով՝ հենց ղարաբաղյան կարգավորման հարցում առաջին նախագահի մոտեցումներն են դարձել 1998 թվականի հրաժարականի ու վերջին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի «բացարձակ տապալման ակնհայտ պատճառ»:

«Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ», - նշում է Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի պնդմամբ՝ հեռացող իշխանությունները բանակցային գործընթացում բազմիցս իրենց դրսևորել են որպես հակամարտության կողմ: Օրինակ, երբ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ համաձայնել է հակամարտության կարգավորման Կազանյան նախագծին․ - «Եթե դու կողմ չես, էդ Կազանյան պլանին դու ո՞նց ես հավանություն տալիս: Հետևաբար անհրաժեշտ է էս «շուստրիության» տրամաբանությունից դուրս գալ և անցնել իսկապես քաղաքական, դիվանագիտական տրամաբանության և հետապնդել մեր շահերը, մեր խնդիրները՝ առկա իրողությունը հաշվի առնելով»:

Վիգեն Սարգսյանի վերաբերյալ իր հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» մսխվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով»:

Այս հայտարարությունը կեղծիք է որակել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքի խմբագրությունը՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և փաստացի ապացուցել, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները:

«Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել», - ամփոփել են Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի ներկայացուցիչները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *