Քաղաքականություն

Փաշինյանն առաջարկում է մարդկանց հնարավորություն տալ տեսանկարահանել ՀԴՄ կտրոն չտրամադրելու գործընթացը (տեսանյութ)

«Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ ՀՀ-ում շատ տարածված կերպով շարունակում են հսկիչ դրամարկղային կտրոններ չթողարկել»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ նախագահի հետ քննարկել են մի գաղափար, որով ինչպես հիմա քաղաքացիների նկարահանումների հիման վրա ՃՈ-ն կարող է վարչական վարույթ սկսել, նույն կերպ հնարավոր լինի վարույթ հարուցել քաղաքացիների՝ տնտեսվարողների ՀԴՄ չտրամադրելու պահը փաստող տեսանկարահանումների հիման վրա․
«Ես կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան ասել է, որ դատարաններում ՀԴՄ կտրոն չտալը ապացուցել չի լինում․
«Տնտեսվարողը հանգիստ ասում է՝ ինձ մոտից գնում չի արել, և ազատվում է պատասխանատվությունից»։
Նախարարն  ասել է, որ քաղաքացու կողմից տեսանկարահանման գործընթացը կարող է խնդրահարույց լինել։ Վարչապետն էլ արձագանքել՝ թե քաղաքական խնդիր է առաջ քաշում, որի համար պետք է գտնվեն լուծումներ․
«Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ և տուգանվել: Մենք այս խնդիրը պետք է լուծենք։ Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտ նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ չունի»։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս նշել է, որ այս գործընթացը կարող է խնդրահարուց լինել, սակայն իրենք կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։
Վարչապետն արձագանքել է, որ բացարձակ իրավունք գոյություն չունի, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշել, որ բացարձակ է խոշտանգումից ազատ լինելու իրավունքը․
 «Այո, և մենք բոլորս պետք է այդ ՀԴՄ-ի խոշտանգումից ազատ լինելու իրավունքից լիարժեք օգտվենք»,-արձագանքել է վարչապետը՝ հավելելով՝ 
«Կառավարության աշխատողը մեքենան կայանել է, ծխախոտը շպրտել է մեքենայից դուրս: Ես գիտեմ, թե ինչ կանեմ այդ աշխատակցի հետ, բայց քաղաքացին ինչ անի։ Բայց վարչապետը չպետք է պատուհանից նայի, տեսնի, թե ով ինչ արեց»,- կառավարության նիստում ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ օրենսդրական փոփոխություններ են պետք անել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *