Քաղաքականություն

Պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է․ վարչապետն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում հանդես է եկել հայտարարությամբ։

«Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մայիսի 12-ին մեկնարակած գործողություններիմ հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է  Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։

Իմ գնահատականը միանշանակ է․ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը։ Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։

Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ դրսևորում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել, հասցեական հայտարարություններ։Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ, չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունված, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու , սահմանածի երկայքով միջազգային դիտորդներ տեղակայելու , սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *