Քաղաքականություն

Պետական կառավարման ողջ համակարգը պետք է դիրքավորվի՝ ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:  

 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»:

 Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով Արայիկ Հարությունյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»:

 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի  կարևոր առանձնահատկության մասին. «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է:

 Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ:

 Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով՝ մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այսօր կառավարության նիստում քննարկված հարցը՝ ծանրաձողերի ձեռքբերման հետ կապված, որը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի խնդիրները: «Սա մի քիչ անհատական և անձնական երևույթ չէ: Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք և պետք է լուծումները գտնենք ինստիտուտների հարաբերությունների, օրենսդրության կարգավորումների մեջ: Սա երևի իմ ամենակարևոր արձանագրումն է: Ինստիտուտները, ինստիտուտների կայացումը, ինստիտուտների մեխանիզմների ճիշտ աշխատանքը, սուբյեկտիվ մոտեցումների մինիմիզացիան պետք է մեր առաջնահերթություններից լինեն: Բայց, իհարկե, երբեք չի լինելու այնպիսի համակարգ, որտեղ անձինք, անհատներն առանցքային նշանակություն չունենան: Դա միշտ էլ այդպես է լինելու, և հետևաբար, կառավարման արդյունավետության բարձրացումը մենք պետք է սկսենք վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այդ օրակարգը ձևակերպել է որպես ժառանգություն պարոն Թորոսյանը, և մեզ կտակել է, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Որպես օրենսդիր՝ հուսով եմ ինքը կվերահսկի նաև, որպեսզի մենք այդ պատգամը պատշաճ մակարդակով կատարենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր  դիմումը չմերժելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի և՛ ենթակա մարմինների, և՛ ստորաբաժանումների անձնակազմին՝ 6-ամսյա համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ այս ժամանակաշրջանը պարզ չէր և հարթ չէր: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ դա ամբողջ աշխատակազմի, ժողովրդական լեզվով ասած, շնորհքն էր, որ մենք հարաբերականորեն կայուն այն բերեցինք-հասցրինք այս հանգրվանին, երբ սկսվում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛, հուսով եմ նաև, հանրապետության նոր էջը: Մաղթում եմ բոլորին, Ձեր ասած տրամաբանությամբ, ջանք ու եռանդ չխնայելով այդ էջը գրել՝ Ձեր գլխավորությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ՝ շնորհավորելով նրան այս առաքելությունն ստանձնելու կապակցությամբ», - նշել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել կապի մեջ լինել թե՛ աշխատակազմի, թե՛ մեր երկրի հետ կապված այլ հարցերով:

 Իր հերթին Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և Արսեն Թորոսյանին՝ կատարած աշխատանքի համար: «Իրոք բարդ փուլում ենք եղել, և ես կարծում եմ, որ աշխատակազմը պատվով է կատարել այդ առաքելությունը հետպատերազմյան և ներքին քաղաքական լարված այդ փուլում: Երբ Արսեն Թորոսյանն ստանձնում էր այս պաշտոնը, հիշում եմ՝ ասաց, որ ինքը, ըստ էության, այս աշխատանքին ծանոթ է, որովհետև, որպես նախարար, շատերի հետ է շփվել: Նույնը ես կարող եմ ասել՝ գրեթե մեծամասնությանը ծանոթ եմ, աշխատել եմ նրանց հետ, և այստեղի աշխատանքն ինձ համար նորություն չէ, մանավանդ նախարարի պաշտոնից հետո ստանձնել էի գլխավոր խորհրդականի պաշտոնը, և աշխատակազմի հետ սերտ շփումներ եմ ունեցել: Մենք քաղաքական նոր փուլ ենք մտնում, քաղաքացին նոր որակի մանդատ է տվել, և աշխատակազմը, նախարարությունները պետք է դիրքավորվեն ըստ այդ նոր մանդատի և այն ծրագրի, որը հաստատվել է քվեարկությամբ: Պարոն վարչապետ, նորից շնորհակալություն վստահության համար: Կարող եմ ասել, որ արդարացնելու ենք այդ վստահությունը, նաև գործընկերների հետ, որոնք այստեղ հավաքված են», - ասել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը:

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, , որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *