«Նվիրիր կյանք» հիմնադրամը կշարունակի իր աշխատանքը և այսուհետ ևս կաջակցի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը՝ այս մասին այսօր հայտարարեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։
Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման անցած շաբաթվա սկզբին հիմնադրամի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարություն էր, ըստ որի՝ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է։
Այսօր արդեն «Նվիրիր կյանքի» ներկայացուցիչները պնդում են՝ նման հայտարարության պատճառը երկրում առկա քաղաքական իրավիճակի փոփոխությունն էր, որը մի շարք տեխնիկական հարցեր առաջ բերեց։ Գլխավոր հարցը կապված էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ։
«Երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, հիմնադրամի հոգաբարձուների նախագահը տիկին Սարգսյանն էր, այսինքն՝ տեխնիկական ինչ-որ բաներ պիտի փոխվեին հիմնադրամի գործունեության մեջ», – պատմեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: – «Երբ որ մենք այդ հայտարարությունը կայքէջի վրա դրեցինք, դա չէր նշանակում, որ այն երեխաները, որոնք այս պահին հիմնադրամի շահառուներ են, դադարեցվելու է ֆինանսավորումը: Դա նշանակում էր, որ մոտավորապես երկու ամիս նոր շահառու չենք վերցնելու, որպեսզի հոգաբարձուները կարողանան հավաքվել և որոշել նոր պայմաններում ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչպես է լինելու ֆինանսների հավաքագրումը»:
9 տարի առաջ հիմնադրված բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը արդեն 8 տարի զբաղեցնում է հենց Ռիտա Սարգսյանը։ Նախկին առաջին տիկինը, թեև դեռ չի շտապում հայտարարել հիմնադրամից հեռանալու կամ մնալու իր որոշման մասին, սակայն հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշել է՝ կաշխատեն առանց պատվավոր նախագահի պաշտոնի։ Այստեղ նաև չեն թաքցնում՝ բոլոր նվիրատվությունների 30 տոկոսը անձամբ Ռիտա Սարգսյանն էր հավաքագրում և նրա՝ առաջին տիկին չլինելու փաստը մտահոգության տեղիք տվեց։
Խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը բացում է փակագծերը՝ տարին 1 անգամ Ռիտա Սարգսյանը նամակով դիմում էր խոշոր հարկատուներին ու խնդրում գումարներ նվիրաբերել, հիմա այդ եղանակը կարող է չաշխատել։
Ավելին՝ այստեղ
0 Մեկնաբանություն