Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ` Հատուկ քննչական ծառայությունը նախորդ 3 տարիներին ղեկավարած, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մոտ 17 տարի Երևանի դատախազությունում աշխատած, իսկ արյունալի՝ 2008թ. -ին Երևանի դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնած Սասուն Խաչատրյանն այսօր նշանակվել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ։
Նոր նշանակումից րոպեներ առաջ գործադիրը Խաչատրյանին ազատել էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից։
Հերթական պաշտոնին Սասուն Խաչատրյանի նշանակման հարցը կառավարությանը ներկայացնող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման համար այս սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում 3 թեկնածուներից հենց Խաչատրյանն էր ստացել առավելագույն միավորները։
Թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թիվ 1 պատասխանատուն ինչ տեսլական ունի, լրագրողներին պարզել չի հաջողվել, որովհետև Սասուն Խաչատրյանը գործադիրի նիստից հետո պարզապես խուսափել է հանդիպել մեդիայի ներկայացուցիչներին, փոխարենը մի կարճ ելութ ունեցել կառավարության նիստում՝ վստահություն հայտնելով, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման արդյունավետությունը կբարձրանա։
«Կառույցն սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս և 6 օր անց, անցումային դրույթներով են նախատեսված այդ ժամկետները: Ամբությամբ դեռևս այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում նաև օպերատիվ ստորաբաժանումով կսկսի գործել, կարծում եմ, եկող տարվա սկզբից, և եկող տարվա ընթացքում նաև նախատեսվում է կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ, և այդ տարածքային մարմիններն ստեղծելուց հետո նոր կարող ենք ասել, որ կձևավորվի ամբողջությամբ, կսկսի գործել ողջ թափով», - ասել է Խաչատրյանը:
Նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի իրավասությանն է անցնելու Հայաստանում կոռուպցիոն գործերի քննությունը, որը նախկինում իրականացնում էին մի քանի իրավապահ մարմիններ՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կմիտեն և Պետեկամուտների կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007թ. ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը։
0 Մեկնաբանություն