Քաղաքականություն

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն այսօր քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները։ «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը լուծելու մասին։

Ինչպես նշվում էր միջնորդության մեջ՝ Վահե Գրիգորյանը չի կարող գործի քննությանը մասնակցել իր կանխակալ վերաբերմունքի պատճառով։

«ՍԴ հուլիսի 6-ի որոշմամբ՝ միավորված գործով դատավարությանը որպես 3-րդ անձ ներգրավվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ-ն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի անձով։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև ՄԻԵԴ-ում», - նշել է Արա Զոհրաբյանը։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշեց, որ այս փուլում չեն կարող քննության առարկա դարձնել դատավորի մասնակցության անհնարինության հարց։

Նման հարց կարող է բարձրացնել միայն ՍԴ որևէ դատավոր։ Նա նաև ասել է, որ տեղյակ է արդյո՞ք Զոհրաբյանը, որ դիմումի ընդունելության փուլում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ներկայացրել էր նույնաբովանդակ միջնորդություն և թե ՍԴ-ն այդ հարցին անդրադարձել է, թե՞ ոչ։

Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլից է տեղեկացել և որքանով մամուլից տեղեկություններ են հասել՝ իրենց առաջադրած հիմքերը դրա հետ կապ չունեն։

Վահե Գրիգորյանն ասաց, որ դատավորի որոշելիքն է՝ այս հարցը քննարկել, թե ոչ և ինքն ամբողջությամբ պատրաստ է իր բացատրությունները ներկայացնել դրա վերաբերյալ։

«Պարոն Զոհրաբյան, քանի որ հանրությունը նույնպես պետք է տեղյակ լինի այս ամենից, ձեր բարձրացրած հարցն ամբողջ ծավալով, բազմապատիկ ավելի խորությամբ քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում՝ և՛ այն կտրվածքով, որ դուք ներկայացրիք, և՛ այն կտրվածքով, որ պարոն Վարդևանյանն է ներկայացրել», - ասաց Վահե Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլայնյանը ամփոփեց և նշեց, որ բովանդակային առումով այդ միջնորդությունը քննարկվել է և արդեն ՍԴ որոշում կա դրա վերաբերյալ։ Նա առաջարկեց չքննարկել միջնորդությունը, որի հետ համաձայնեցին դատավորները։  

Տեսանյութը՝ Ա1+

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *