Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը:
Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է:
Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:
Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար:
Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով:
Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։
Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»,-գրել է նա:
0 Մեկնաբանություն