«Հրապարակ»-ը գրում է.
Արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցով մեկնել է Սյունիք, նա Կապան կհասնի կեսգիշերին մոտ։ Սյունիքում ոչ ոք տեղեկացված չէր այս այցի մասին եւ իմանալով, մարդիկ տագնապած են եւ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանը գնում է գիշերային ինչ որ հանդիպման՝ սահմանի վրա։
Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր է Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ երեկվանից Սյունիք է մեկնել նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա երեկ Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ ներկայացրել է «ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում»։
Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաեւ, որ դեսպանը «հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն»: Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ միաժամանակ Սյունիքում, հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված։
0 Մեկնաբանություն