Քաղաքականություն

«Թոշակառուն կարող է մաքսիմում 10 օր մի կերպ գոյությունը քարշ տալ, հետո սովամահ լինել» (տեսանյութ)

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հետաքրքրվեց` համաներում լինելու է, թե ոչ. «Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ երկրում կա 570 հազար թոշակառու, իսկ սպառողական զամբյուղը կազմում է 42 հազար դրամ, մինչդեռ նվազագույն թոշակը կազմում է 16 հազար դրամ, որով թոշակառուն կարող է մաքսիմում 10 օր մի կերպ գոյությունը քարշ տալ, հետո սովամահ լինել»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ամեն օր աշխատելու են թոշակների ավելացման վրա, որպեսզի շոշափելի արդյունքների հասնենք.

«Դրա կարևորագույն արդյունքը ստվերի կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն այս դեպքում կարող են լինել դրսեւորումներ, կլինեն մարդիկ, որ կասեն` ավելի լավ է ստվերն ու կոռուպցիան, քան դրա բացակայությունը, քանի որ դա կարող է թանկացման բերել։

Այս ճանապարհին մենք հետեւողականորեն գնալու ենք, ու դա հրապարակային է լինելու։ Ավելացնելու ենք նաեւ պետական եկամուտները։ Հենց դա եղավ, մենք մեզ նման բան կարող ենք թույլ տալ։

Ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա, որն արդեն կոնկրետ արդյունքներ է արձանագրել։ Այն այսօր էլ գործի մեջ է, ու այն կիրականացնի ոչ միայն այն, ինչ հնարավոր է, այլեւ այն, ինչ անհնարին է։ Մենք բոլոր ուղղություններով կունենանք լրջագույն արդյունքներ։ Կառավարության գործատուն հենց ՀՀ քաղաքացիներն են։

Մենք ժողովրդին համարում ենք մեր ղեկավարն ու մեր շեֆը։

Մեր շեֆը ժողովուրդն է, որին անմնացորդ ծառայում ենք։ Ինչ վերաբերում է համաներմանը, ապա այդ պրոցեսները, եթե լինում են, ապա գաղտնիության սկզբունքով են լինելու, դրա համար չեմ պատասխանի այդ հարցին. եթե մարդը իմանա, որ սեպտեմբերին համաներում է լինելու, կասի` գնամ մի քանի տուն թալանեմ, մեկ է` համաներվելու եմ»:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *