Որևէ տարածքի զիջման վերաբերյալ ոչ մի խոսք չկա, և հայկական կողմը ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների ելման դիրքեր վերադառնալու դեպքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, թե սուտ են գյուղերը բանավոր պայմանավորվածությամբ հանձնելու վերաբերյալ խոսակցությունները։
Ռուբինյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկ են ստացել Ռուսաստանից, ինչին ի պատասխան հստակ արտահայտել են, որ սա կարող է տեղի ունենալ ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու պարագայում․ «Եթե այս հանձնաժողովը ստեղծվի, խոսքը լինելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին»։
Ռուբինյանն ասում է՝ Արցախի հարցը լուծված չէ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խաղաղության պայմանագիր չի եղել, այնտեղ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին։
Ինչ վերաբերում է անկլավների հարցին, պատգամավորի խոսքով՝ դա դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շրջանակներում կարող է դառնալ քննարկման առարկա, կարող են լինել տարբեր իրավիճակներ, բայց այս պահին բանավոր կամ գրավոր որևէ պայմանավորվածություն չկա, քանի դեռ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են ՀՀ տարածքում։
Ռուբինյանը նաև հերքեց արտաքին գործերի նախարարի հրաժարականի վերաբերյալ լուրերը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, Ռուբինյանն ասում է՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կկատարեն իրենց պարտավորությունները։
0 Մեկնաբանություն