Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիմակիցներին հորդորեց առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել հանգիստ, հանդարտ և սառնասիրտ:
«Ես գտնում եմ, որ դուք պիտի վարեք շատ հանգիստ, հանդարտ, սառնասիրտ քարոզչություն: Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ, կուզի հայհոյեն, ինչ կուզի անեն, թող իրենց ցույց տան: Ձեր փաստարկներն այնքան հզոր են, որ բացարձակապես կարիք չունեք այդպիսի բանակռիվների մեջ մտնելու… էլ քաչալ շուն..էլ ի՞նչ են ասում: Դա թողեք իրենց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
ՀՀ առաջին նախագահը հավելեց, որ կլինեն հրապարակային հեռուստատեսային դեբատներ, որոնց իրենք կմասնակցեն. «Էլի ասում եմ՝ պետք չի հավասարակշռությունը կորցնել, ինչքան էլ լրագրողները փորձեն… հմուտ են, կփորձեն հավասարակշռությունից հանել, մի տրվեք այդ բաներին, հանգիստ ձեր ասելիքն ասեք, մնացածը ինչ ուզում են թող ասեն»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ պատրաստ է մեծ մամուլի ասուլիս տալ, հրավիրել բոլոր ցանկացող լրագրողներին: «Այնտեղ ինձ ինչքան ուզում են թող ռմբակոծեն, ես, այսպիսի բանակ ունենալով, այդպիսի ռմբակոծությունից չեմ վախենում»,- եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
0 Մեկնաբանություն