Քաղաքականություն

Տիգրան Ավինյանի բացատրությունն առևանգված ինքնաթիռի մասով (տեսանյութ)

Այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վերադառնա Երևան։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հարցին:

Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»։

Նա նշեց, որ թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ:

«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- նշեց Ավինյանը: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *