ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 23-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։
Դեռևս չկա տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը դարձել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։ Մասնավորապես, փետրվարի 23-ին լրատվականներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը հայտաևարել է, թե պատերազմի ընթացքում կրակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։
Փաշինյանի նշված հայտարարությունը բուռն արձագանք է ստացել թե՛ ՌԴ-ի կողմից, թե՛ փորձագիտական հանրության կողմից, քանի որ, ինչպես հայտնում են փորձագետները, դա առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Նշված հայտարարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը մեկնաբանել էր ծիծաղով՝ նշելով, որ դա հնարավոր չէ։ Տիրան Խաչատրյանի այս հայտարարությունից հետո նախագահը փետրվարի 24-ին ստորագրել է Խաչատրյանին՝ պաշտոնից ազատելու մասին Փաշինյանի առաջարկությունը։ Մարտի 3-ին Տիրան Խաչատրյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի փետրվարի 24-ի հրամանագիրը։ Վարչական դատարանը՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, մարտի 10-ին վարույթ է ընդունել հայցադիմումը, իսկ նախնական դատական նիստ է նշանակվել ապրիլի 29-ը։ Նշված գործով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին և ՀՀ վարչապետին որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Հատկանշական է, որ մինչ դատարանի կողմից մարտի 10-ին վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի առաջին հայցադիմումը, ինչի հետևանքով օրենքի ուժով պետք է կասեցվեր Խաչատրյանի պաշտոնանկության հարցը, ՊՆ նախարարի կողմից նոր հրամանագիր է ստորագրվել, որով Խաչատրյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, ապա այլ հրամանագրով վերադարձվել արձակուրդից, ինչն էլ հիմք է հանդիսացել երկրորդ հայցադիմում ներկայացնելու համար։
Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խարչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։ Բացի դա՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 15-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ անձնակազմի ցուևցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին։
Խաչատրյանը նաև պահանջում է դատարանից՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու և իրեն ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնել, որպես ածանցյալ պահանջ՝ Տիրան Խաչատրյանին ներառելով ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու մասին։
0 Մեկնաբանություն