Քաղաքականություն

«Ծայրից ծայր սուտ է» Վանեցյանը՝ Հայկական ժամանակում իր մասին տպագրված հոդվածի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակում՝ Armtimes.com կայքում իր մասին տպագրված հոդվածը։ 

«Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրված հոդվածում նշվում է, թե ««Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»: Հոդվածում նաև նշվում է, որ «քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, որը Սերժ Սարգսյանի իշխանության թիվ մեկ պրոպագանդիստն է եղել և այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ»:

Արձագանքելով այս հոդվածին՝ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ»:

Գրառման վերջում Վանեցյանն արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը

«Մարիամ ջան, աղջիկս, մի՛ մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *