Քաղաքականություն

Վանաձորի թիվ 18 դպրոցում ուսուցիչները ՀՀԿ-ից հեռացման դիմումներ են լրացրել

 Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի 38 ուսուցիչներ դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ ՀՀԿ անդամությունից դուրս գալու համար: Դպրոցի ուսուցչուհի Գայանե Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միայն վերջերս է իմացել, որ ինքը տարիներ շարունակ Հանրապետական կուսակցության անդամ է եղել: Նրա խոսքով՝ նույն կարգավիճակում են եղել նաեւ դպրոցի մի շարք ուսուցիչներ. «Ես այնքանով եմ տեղյակ եղել, որ մի քանի տարի է՝ դպրոցում 200 դրամներ են հավաքել բոլորից, իբր թե անդամավճար ենք տվել: Այս ցույցերի ժամանակ գնացի ՀՀԿ գրասենյակ, քանի որ անդամատոմս չունեմ, ասեցի տեսնեմ՝ անդամ եղել եմ, թե ոչ: Պարզվեց, որ ՀՀԿ անդամ եմ: Դպրոցում եկա բացատրեցի, որ իրենք էլ գնան իմանան, քանի որ եթե անդամատոմս էլ չունենք, էլի անդամ ենք: Ուսուցիչների մեծ մասն ասացին, որ իրենք անդամատոմսերը ճղել են: Բայց պարզվում է, որ անդամատոմս ես էլ ունեմ եւ դպրոցում է: Իմ նկարն էլ վինետկայի նկարից են կտրել կպցրել անդամատոմսի մեջ»: Կուսակցական պատկանելիության մասին իմանալուց հետո՝ ուսուցիչները դիմում են ներկայացրել ՀՀԿ գրասենյակ, որ այլեւս չեն ցանկանում լինել իրենց կազմում: Սակայն մանկավարժների դիմումը չեն ընդունել, պատճառաբանելով, որ այն սխալ է գրված. «Ընդհանուր դիմում գրեցինք, որ չենք ցանկանում լինել ՀՀԿ անդամ: Դիմումը տարանք գրասենյակ, այնտեղ մի աղջիկ կար, դիմումը չվերցրեց, ասաց՝ ճիշտ չեք գրել: Ասաց՝ դիմումը պետք է գրեք դպրոցի տնօրենի անունով: Տնօրեն Մարաբյանն էլ ասաց, որ ես կապ չունեմ դրա հետ: Մի անգամ էլ դիմում գրեցինք, տարանք, նորից ասացին՝ սխալ եք գրել: Դիմումի ձեւ տվեցին, գրված էր՝ «ՀՀԿ «մանկավարժ 18-11» սկզբնական կազմակերպության ղեկավար Արմեն Մարաբյանին»: Ինձ ասացին, որ դիմումը պետք է նման ձեւով գրենք: Տարա դպրոցում դրեցի, ով ցանկացել է՝ կամավոր ձեւով լրացրել է: Այսօր տարա հանձնեցի, վերջապես վերցրեցին: Մեզ չէին ուզում հանեն իրենց կազմից, շատ դժվարությամբ ենք դուրս եկել,- ասաց Վարդանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/06/11/963409/ 
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *