Քաղաքականություն

Վանեցյանը հրաժարվում է Ալեն Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնել

Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Աժ պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
 
«Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
 
Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:
 
Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:
 
Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ:
 
Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:
 
Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու:
 
Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն:
 
Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի»,- գրել է Հակոբյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *