17 կուսակցությունների շարքն այսօր ընդլայնվել է. ձևավորվել է «Հայրենիքի փրկության խորհուրդ»: Խորհուրդը նիստ է գումարել և որոշում կայացրել առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել ենք առաջադրել իրեն։ Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց՝ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Վանեցյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում անպայման մասնակցելու է նաև իր ղեկավարած կուսակցությունը։
Մեր քայլերի հաջորդականության մասին կխոսենք դեկտեմբերի 5-ի հանրահավաքին,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այդ հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր կներկայացնի», - ասել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում պետք է լուծվի նոր վարչապետի ընտրության հարցը։
«Այսօր կա այդ պահանջը, պարզապես պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները և կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին», -նշել է Արթուր Վանեցյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մանուկյանն իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, հմտություններով այն մարդն է, որը երկրում կստեղծի հանդարտություն, կայունություն, կկարողանա առաջիկայում արտահերթ թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել:
«Նա այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն՝ իր գլխավորությմաբ գործող ժամանակավոր կառավարությամբ», — նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու:
0 Մեկնաբանություն